Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Էլեկտրոնների գծային արագացուցչով ապահովվում է միջազգային չափանիշներին համապատասխան բուժում»

«Էլեկտրոնների գծային արագացուցչով ապահովվում է միջազգային չափանիշներին համապատասխան բուժում»
24.07.2015 | 10:18

ՈՒռուցքաբանության ոլորտը եղել և մնում է միջազգային առողջապահության ուշադրության կենտրոնում: Եվ տրամաբանական է, որ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարում ուռուցքաբանության թեման հիմնականներից էր: Եթե տարիներ առաջ քաղցկեղ հիվանդությունը գրեթե բոլոր դեպքերում ճակատագրական էր, ապա մեր օրերում բուժվածների թիվը փոքր չէ: ՈՒրախալին այն է, որ այս մասին փաստում է ոչ միայն միջազգային, այլև հայաստանյան վիճակագրությունը, ինչը նշանակում է, որ հիվանդությունը հաղթահարելի է դարձել նաև մեր երկրում: Նշենք, որ ոլորտին առնչվող քննարկումներում զգալի մաս կազմեց ռադիացիոն ուռուցքաբանությունը։ ՈՒռուցքաբանության ոլորտում ինչո՞վ են տարբերվում և նույնացվում ամերիկյան և հայկական մոտեցումները և գործնականորեն ի՞նչ տվեց համագումարը։ Այս և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբանության բաժնի բժիշկ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու ՆԵՐՍԵՍ ՔԱՐԱՄՅԱՆԻ հետ:


-Ընդհանուր առմամբ մոտեցումները, լինեն դրանք ամերիկյան, եվրոպական թե հայկական, էապես չեն տարբերվում, քանի որ աշխարհի բոլոր կլինիկաները ձգտում են առաջնորդվել գործող միջազգային հաստատված ուղեցույցներով,- նշեց պարոն Քարամյանը։- Անկախ այն բանից, հիվանդը ճառագայթային բուժում կստանա Հայաստանո՞ւմ, թե՞ մեկ այլ երկրում, մոտեցումների առումով տարբերություն չպետք է լինի:
Ինչ խոսք, միջազգային բժշկական համագումարները, կոնֆերանսները նպաստավոր են փորձի փոխանակման, մասնագետների շփման առումով: Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարում հետաքրքրական էր ամերիկահայ պրոֆեսոր Կուպելյանի զեկույցը, որով նա հանգամանալիորեն ներկայացրեց ճառագայթային ուռուցքաբանության արդի հնարավորությունները: Պետք է նաև նշել, որ համագումարի շրջանակում կայացավ «կլոր սեղան» մեր կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբանության բաժնում, որին մասնակցեց պրոֆեսոր Կուպելյանը իր թիմակիցների հետ՝ բոլորն էլ ազգությամբ հայեր, ինչպես նաև մեր ավստրալահայ գործընկերը` պարոն Ռոլանդ Ալվանդին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին մեր համագործակցության հնարավոր հեռանկարները և ձեռք բերվեցին որոշակի գործնական պայմանավորվածություններ:
-Գաղտնիք չէ, որ քաղցկեղը համալիր բուժում է ենթադրում, որի շղթայում կարևոր ուղղություններից է ճառագայթային ուռուցքաբանությունը։ Այս ոլորտում Հայաստանում զարգացվածության մակարդակը համահո՞ւնչ է միջազգային չափորոշիչներին, հատկապես տեխնոլոգիական հագեցվածության տեսանկյունից:
-Ինչպես արդեն նշեցի, մեր կլինիկան հետամուտ է միջազգային հաստատված ուղեցույցներով բուժում իրականացնելուն: Ինչ վերաբերում է տեխնոլոգիական հագեցվածությանը, ապա անցած տարի լուրջ ձեռքբերում ունեցանք: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության արդյունքում մեր բաժանմունքը համալրվեց էլեկտրոնների գծային արագացուցչով, որն ունի նաև լրացուցիչ տեխնիկական հնարավորություններ: Այն հիմնականում ապահովում է միջազգային պահանջները: Իհարկե, լինում են դեպքեր, որոնք պահանջում են ավելի բարդ տեխնոլոգիաների կիրառում, սակայն դրանք եզակի են: Մնացած բոլոր դեպքերում մեր բաժանմունքը էլեկտրոնների գծային արագացուցչով ապահովում է միջազգային չափանիշներին համապատասխան բուժում:
-Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը դեռևս միակն է Հայաստանում, որ ունի մասնագիտացված ռադիացիոն ուռուցքաբանության ծառայություն, ինչը նշանակում է, որ հիվանդները բացառապես ձեր կլինիկայում են բուժում ստանում։ Ինչպիսի՞ն է վերջին 10 տարիների վիճակագրությունը բուժման արդյունավետության առումով։ Եթե համեմատենք զարգացած երկրների դինամիկայի հետ, ապա ինչպիսի՞ն կլինի պատկերը։
-Վերջին տասը տարիներին գրանցվել է բուժման արդյունքների դրական դինամիկա, ինչը բացատրվում է ինչպես բնակչության գիտակցության մակարդակի աճով, այնպես էլ բոլոր բուժական՝ վիրաբուժական, քիմիապրեպարատների, թիրախային թերապիայի, ռադիոթերապիայի նոր մեթոդների զարգացմամբ: Ճառագայթային բուժումը իր կարևոր տեղն է զբաղեցնում թվարկված մեթոդների մեջ: Եթե մենք համեմատենք այլ երկրների հետ, որտեղ ճառագայթային ուռուցքաբանությունը լայն կիրառում ունի, ապա այդ տեսանկյունից Հայաստանը զգալիորեն հետ է մնում: Հույս ունեմ, որ գնալով ռադիոթերապիայի դերը կմեծանա մեր երկրում:
-Ո՞րն է խնդիրը, ինչպե՞ս պետք է այն լուծվի:
-Իրականում պատճառը հանրության թերի իրազեկվածությունն է: Մարդիկ այնքան էլ տեղյակ չեն ճառագայթային բուժմանը: Համաձայն միջազգային չափորոշիչների` չարորակ նորագոյացություններով հիվանդների 50-60 %-ը պետք է ստանա ճառագայթային բուժում համալիր բուժման այս կամ այն փուլում:
-Հանրությունը պարտավոր չէ իմանալ ճառագայթային բուժման մասին: Բայց բժիշկները, հատկապես ուռուցքաբանները, պարտավոր են, դա նրանց գործն է: Նրանք պետք է հիվանդին իրազեկեն հետագա բուժման մասին: Եվ եթե Հայաստանում ճառագայթային բուժումը պարտադիր չէ, ապա չե՞ք կարծում, որ դա բժիշկների բացթողումն է:
-Իրավացի եք: Ցավոք, ընդհանուր պրոֆիլի կլինիկաներում որոշ բժիշկներ լավատեղյակ չեն ճառագայթային ուռուցքաբանությանը: Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ նրանք պարտադրված չեն հիվանդներին ուղեգրելու շարունակական բուժման: Պարտադիր շարունակական բուժումը կարգավորված չէ օրենքով, ենթաօրենսդրական ակտերով կամ էլ իրավական այլ փաստաթղթերով: Երբ այդ խնդիրը կարգավորվի իրավական փաստաթղթով, ապա, կարծում եմ, լուծումը կգտնվի: Սրա հետ մեկտեղ պետք է նկատել, որ, այնուամենայնիվ, բժիշկների մոտեցումը տարեցտարի փոխվում է և համահունչ դառնում միջազգային փորձին` դադարում են մտածել միայն սեփական բուժման եղանակի մասին: Համալիր բուժման կողմնակից բժիշկների թիվը գնալով ավելանում է, ինչը միանշանակ դրական ազդեցություն է թողնում բուժման արդյունավետության վրա: Սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է պետական մոտեցում: Համոզված եմ, որ այդ բացը կլրացվի, քանի որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորում է այդ խնդրի լուծումը: Վերջերս նախարարը այցելեց մեր կլինիկա և տվեց հստակ առաջադրանք՝ վերամշակել և ստեղծել ժամանակակից ազգային կլինիկական ուղեցույցներ, որոնք կստանան իրավաբանական ուժ:
-Գաղտնիք չէ, որ քաղցկեղի բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր է վաղ հայտնաբերման շրջանում։ Սակայն Հայաստանում մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն դիմում։ Ինչը պայմանավորված է և՛ մտածողության, և՛ սոցիալական գործոններով։ Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չէ՞ր լինի ընդօրինակել եվրոպական փորձը՝ Հայաստանը ևս որդեգրեր պարտադիր բուժզննման քաղաքականությունը։
-Երբ մենք խոսում ենք ուռուցքաբանության մասին, ապա պետք է հստակեցնենք` բուժման ոչ մի եղանակ չի կարող տալ լիարժեք արդյունավետություն, եթե չիրականացվեն մի շարք նախապայմաններ: Զարգացած երկրներում գործում է «Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր», որը կազմված է մի քանի բաղադրիչներից: Դրանցից կարևորագույնը կանխարգելումն է և վաղ հայտնաբերումը: Հիվանդության վաղ հայտնաբերման համար իրականացվում են սկրինինգներ կրծքագեղձի, արգանդի վզիկի, ուղիղ աղիքի քաղցկեղի հայտնաբերման ուղղությամբ: Շատ երկրներում այս ծրագրերը պարտադիր են: Օրինակ, եթե խոսենք կրծքագեղձի քաղցկեղի մասին, ապա Հայաստանում պարտադիր սկրինինգ չի իրականացվում: Մամոգրաֆիկ հետազոտությունը կանայք կատարում են սեփական նախաձեռնությամբ, և այն չի կրում համատարած բնույթ: Ինչ վերաբերում է արգանդի վզիկի սկրինինգին, ապա Հայաստանում այդ ծրագիրը սկսեց գործել անցյալ տարվանից և որոշակի դրական արդյունքներ արդեն նկատվում են: Հուսով եմ, որ արդյունավետությունը շատ բարձր կլինի: ՈՒղիղ աղիքի քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված ուսումնասիրությունները ապացուցողական բժշկության դասին են պատկանում, որի ծախսերը արդարացված են: Ընդհանրապես սկրինինգային ծրագրերն իրականացվում են պետական ֆինանսավորմամբ և պետական հոգածության ներքո էլ ապահովում են բնակչության պարտադիր զննումը: Համոզված եմ, որ հնարավորության դեպքում մեր պետությունը ևս կգնա այդ քայլին:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ